Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գործարար էթիկայի կանոնները գրեթե չեն կիրառվում»

«Գործարար էթիկայի կանոնները գրեթե չեն կիրառվում»
21.02.2017 | 12:19

Ի՞նչ գիտենք էթիկայի մասին, ինչո՞վ են առանձնանում գործարար էթիկայի հիմունքները: Որքանո՞վ են դրանք կիրառվում հայաստանյան գործարար միջավայրում: Թեմայի շուրջ զրուցել ենք «Գործարար էթիկայի հիմունքներ» գրքի հեղինակ, իրավաբան ԹԱՄԱՐԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ:

«Գործարար էթիկայի հիմունքներ» գրքում ներկայացված է միջազգային փորձը՝ համեմատական մոտեցմամբ: «Թե գործարար էթիկայի, թե ընդհանուր էթիկայի կանոնները հիմնականում նույնն են ու անփոփոխ: Թեև գործարար էթիկան պահանջում է ավելի խիստ կանոններ` սկսած հագուկապից, արտաքին տեսքից»,- ասում է Թամարա Ավանեսյանը, նշելով, որ կան որոշակի տարբերություններ` կապված տվյալ երկրի մենթալիտետի, կրոնական ու ազգային առանձնահատկությունների հետ: ՈՒստի, եթե գործ ենք ունենալու արտասահմանյան ընկերությունների հետ կամ մեկնելու ենք այլ երկիր, պետք է նախապես ուսումնասիրենք նրանց կանոնները և կիրառենք դրանք: Մեզ հյուր եկած գործարարներն իրենց հերթին պետք է հարաբերվեն հայկական գործարար միջավայրում ամրագրված կանոններով: Սակայն հենց այս կետում նկատելի է ոլորտի բացը:

Զրուցակցիս խոսքով` մեզ մոտ գործարար ոլորտը բավականաչափ զարգացած չէ, գործարար էթիկայի կանոնները գրեթե չեն կիրառվում, առանձնապես լուրջ էլ չեն վերաբերվում դրանց: Չնայած` վերջին երկու տարիներին վերաբերմունքը փոխվել է: Մեծ արձագանք են գտնում գործարար էթիկայի վերաբերյալ պարբերաբար անցկացվող վարպետության դասերը: Շատերն էլ գործարար էթիկայի հիմունքներին հետևում են համանուն ֆեյսբուքյան էջից:
Էթիկայի կանոնները խախտվում են ոչ միայն գործարար միջավայրում: Զրուցակիցս նկատում է, որ հասարակական տրանսպորտում, փողոցում, ամեն քայլափոխի էթիկայի խախտում կա: Հասարակական տրանսպորտում հեռախոսով խոսելը, հաց ուտելը, փողոցում արևածաղիկ չրթելը անընդունելի երևույթներ են ու մեզանում շատ տարածված:


Երբ մեր համաքաղաքացիները երթևեկում են իրար գլխի լցված, միկրոավտոբուսներում` նաև կռացած, սա արդյո՞ք էթիկայի պարտադրված խախտում չէ: Մեր այս դիտարկմանը Թամարա Ավանեսյանը համաձայն է, հավելում է, որ զարգացած երկրներում, երբ նստատեղերի թիվը լրանում է, երթուղային ավտոբուսը շարժվում է, կանգնած մարդ չի լինում:
Իսկ ինչպիսի՞ն է պատկերը մեր կյանքի անբաժանելի մաս դարձած սոցցանցերում: Թամարա Ավանեսյանի համոզմամբ, այստեղ նույնպես խախտվում են էթիկայի նորմերը, սկսած նրանից, որ կարող են օգտատերերին նշել գովազդային հրապարակման մեջ` առանց թույլտվություն ստանալու: Ըստ նրա` սոցցանցերի դերը, օգտագործման կերպը հաճախ ճիշտ չեն ընկալվում, դրա համար էլ մեծամասնությունը լուրջ չի վերաբերվում դրանց:
Ի՞նչ է տալիս հանրությանը ամենամեծ մասսայականություն վայելող զանգվածային լրատվամիջոցը` հեռուստատեսությունը, հավատարիմ իր կրթական-դաստիարակչական գործառույթին:


«Եթերը ողողած սերիալները, հեռուստաշոուները ոչ մի լավ բան չեն սովորեցնում: Էթիկայի վերաբերյալ մեկ-երկու հաղորդումներ կային, չգիտեմ ինչու` փակեցին: Մինչդեռ անհրաժեշտ է համապատասխան հաղորդաշարերի, տեսահոլովակների միջոցով բացատրել մարդկանց, թե ինչպես կարող են դրսևորել իրենց այս կամ այն միջավայրում կամ իրավիճակում»,- ասում է մեր զրուցակիցը, նկատում նաև, որ հաճախ մեր ուսանողները կանոններին չտիրապետելու պատճառով աշխատանքի ընդունվելիս տուժում են, չեն կարողանում ճիշտ ներկայացնել իրենց, անգամ ճիշտ ռեզյումե գրել չգիտեն: Համալսարանում բարոյագիտություն են սովորեցնում` զուտ փիլիսոփայության տեսանկյունից, գործնական պարապմունքեր չեն անցկացվում: Երիտասարդները բացը լրացնում են թրեյնինգներին մասնակցելու, համապատասխան գրականություն ընթերցելու միջոցով: Առայժմ դրանք անցկացվում են Երևանում, բայց զրուցակիցս նպատակ ունի նաև մարզերում աշխատելու, մանավանդ որ մարզերում անհամեմատ շատ է բացը: Անհրաժեշտ գրականություն չկա, դասընթացների մասնակցելը կապված է դժվարությունների հետ:
Որո՞նք են գործարար էթիկայի վերաբերյալ ամենից շատ տրվող հարցերը: Պարզվում է՝ երիտասարդներին շատ են հետաքրքրում հեռախոսազրույցի, նամակագրության հետ կապված հարցերը, հետաքրքրում են նաև, թե ինչպե՞ս պետք է հագնվել աշխատանքի ընդունվելու հարցազրույցների ժամանակ, ի՞նչ հարցեր տալ, ի՞նչ հարցեր չտալ և այլն:
Եվս մեկ հետաքրքիր դիտարկում: «Գործարար կնոջ հաջողություններին Հայաստանում նորմալ են վերաբերվում, բայց եթե արտասահմանում կին և տղամարդ գործարարները հավասար հարթակում են հարաբերվում, ապա մեզանում անհամեմատ հարգանքով են վերաբերվում կնոջը, հարկ եղած դեպքում ընդառաջում են,- ասում է Թ. Ավանեսյանը, նրա կարծիքով` տարբերություն պե՚տք է լինի:- Կինը պետք է ցանկացած պարագայում պահպանի իր կանացիությունը: Աշխարհում մեծ թիվ են հաջողակ կին գործարարները, բայց չմոռանանք, որ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու թիկունքում խելացի կին է կանգնած»:


Թամարա Ավանեսյանը մասնագիտությամբ իրավաբան է, երկրորդ մասնագիտությամբ` հաշվապահ: Սովորել է նաև էթիկայի դպրոցում: Ընտրել է գործարար էթիկան, քանի որ ինքն էլ առնչվում է գործարար միջավայրին, ունի իր սեփական իրավաբանական գրասենյակը:
2015-ին լույս է ընծայել «Գործարար էթիկա» ձեռնարկը, 2016-ին ներկայացել է «Գործարար էթիկայի հիմունքները» գրքով, որը գործարար էթիկայի մասին առաջին հայալեզու գիրքն է: Տպաքանակը սպառվել է, շուտով գրախանութներում կլինի գրքի վերահրատարակված տարբերակը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ